
Ռոքուել Քենտը և Հովհաննես Շարամբեյանը, 1986
Ամերիկաբնակ հայ նկարիչ Սեմ Զումյանը դեռ երիտասարդ տարիներին ստացել է Հովհաննես Շարամբեյանի մասնագիտական խորհուրդներն ու աջակցությունը։ Տարիներ անց նա մեծ ջերմությամբ էր հիշում իրենց երկարամյա մտերմությունը։ Շարամբեյանի մահից հետո, որպես հարգանքի տուրք ավագ արվեստագետ ընկերոջ հիշատակին, Զումյանը ստեղծել է նրա մի շարք դիմանկարներ։
«Ռոքուել Քենտը և Հովհաննես Շարամբեյանը» գրաֆիկական թերթը ներշնչված է նրանց կյանքից մի ուշագրավ դրվագով։ 1960 թվականին Հայաստան այցելած ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենտը Շարամբեյանի ուղեկցությամբ շրջել է Դիլիջանում։ Քաղաքի բնությամբ հմայված՝ նա Դիլիջանն անվանել է «փոքրիկ Շվեյցարիա» և տեղի երկրագիտական թանգարանին նվիրել իր մի շարք ստեղծագործություններ, որոնք այսօր էլ ցուցադրվում են թանգարանում։
Ի նշան երախտագիտության՝ Շարամբեյանի նախաձեռնությամբ դիլիջանցիները Քենտին նվիրել են հնամյա մի սափոր։ Այդ նվերը Քենտի համար առանձնահատուկ նշանակություն է ստացել․ նրա ցանկությամբ՝ մահից հետո իր աճյունը ամփոփվել է հենց այդ սափորում։