ԿՅԱՆՔ ԵՎ ԳՈՐԾ
Հովհաննես
(Վանիկ)
Շարամբեյան
1926 օգոստոսի 17, Երևան - 1986 մայիսի 11, Երևան
Նկարիչ, հասարակական գործիչ, ժողովրդական արվեստի նվիրյալ

Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան · 1926—1986
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ · ՀԱՎԱՔՈՐԴ
Կյանք, որը
դարձավ գործ
Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17-ին, Երևանում։ Նրա կյանքի ճանապարհը միավորեց գեղանկարչությունը, Դիլիջանի մշակութային կյանքը և հայկական ժողովրդական արվեստի պահպանության գործը։
Նա նախ և առաջ նկարիչ էր, սակայն իր ժամանակի մեծ մասը նվիրեց մարդկանց, վարպետների և մշակութային հիշողության շուրջ համայնք ստեղծելուն։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈւԹՅՈՒՆ
Կենսագրական
ուրվագիծ
1941-1945
Սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումի գեղանկարչության բաժնում
1945-1951
Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում
1946-1948
Աշխատել է Դիլիջանի Հ. Հակոբյանի անվան ժողովրդական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ
1947
Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից բացել է գեղարվեստական ստուդիա և 25 տարի ղեկավարել այն։ Այդ տարիներին առողջական խնդիրների պատճառով հաստատվել է Դիլիջանում
1953
Առաջին անգամ մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի՝ ներկայացնելով «Կոմիտաս» (1946) և «Մեխակներ» (1953) աշխատանքները
1954
Մասնակցել է Դիլիջանի քաղաքային ցուցահանդեսին՝ նվիրված Հոկտեմբերյան տոներին
1954
Մասնակցություն Մաքսիմ Գորկուն նվիրված ցուցահանդես-մրցույթին՝ Գորկի քաղաքում
1956
Ընդունվել է ՀԽՍՀ նկարիչների շարքերը։ Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ-կիրառական արվեստի գեղարվեստական խորհրդի նախագահ
1956
Մասնակցություն Հա յ մշակույթի տասնօրյակին, Մոսկվա
1956
Մասնակցություն Երիտասարդական ցուցահանդեսին, Թբիլիսի
1957
Մասնակցություն հանրապետական փառատոնին, Երևան
1958
Մասնակցություն հանրապետական ցուցահանդեսին, Երևան
1958
Մասնակցություն հանրապետական ցուցահանդեսին՝ նվիրված ՀԱՄԼԿԵՄ 40-ամյակին
1958
Ակտիվ մասնակցություն է ունեցել Դիլիջանի երկրագիտական թանգարանի գեղարվեստի բաժնի հիմնադրմանը և նպաստել կերպարվեստի ֆոնդի հարստացմանը
1959
Մասնակցություն Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին, Բաքու
1960
Հովհաննես Շարամբեյանի առաջին անհատական ցուցահանդեսը, Դիլիջան
1960
Նշանակվել է Դիլիջանի գլխավոր նկարիչ
1960
Ցուցահանդեսների է մասնակցել Բուլղարիայում, Լեհաստանում, Իրանում
1961
Կազմակերպել է հայ նկարիչների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին առողջարանի 40-ամյակին
1966
Անհատական ցուցահանդես Դիլիջանում, Իջևանում, Շամշադինում
1966
Դիլիջանի թատրոնում ձևավորել է «Սիրտը կանչում է» ներկայացումը
1966-1967
Անհատակ ցուցահանդեսներ Դիլիջանում, Շամշադինում, Իջևանում, Էջմիածնում
1966-1967
Դիլիջանի համալսարանի մշակույթի ամբիոնի վարիչ
1967
Ընտրվել է ՀՆՄ վարչության խորհրդի անդամ
1967
ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում
1969-1973
Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահի տեղակալ
1970
Դիլիջանի նկարչական ստուդիան Շարամբեյանը վերակազմավորել է՝ դարձնելով գեղարվեստի դպրոց
1970
ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով
1970-1986
Ակտիվ ցուցահանդեսային գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում
1973
Ընտրվել է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ և պարգևատրվել «Բարեկամության գործի մեջ ներդրման համար» պատվո նշանով
1973
Ռոտերդամում կազմակերպել է ժողովրդական արվեստի ցուցահանդես
1975
Մասնակցել է Բոլոնիայում անցկացվող Սովետական մշակույթի օրերին
1977
Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի փայտարվեստի սրահը, որի ցուցանմուշների զգալի մասը նկարչի նվերն էր՝ իր անձնական հավաքածուից
1978
Հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանը
1978
Պորտուգալիայում ԽՍՀՄ մշակույթի օրերի շրջանակում Սետուբալ, Պորտո, Լիսաբոն քաղաքներում կազմակերպել է ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդեսներ
1979
Նրա ղեկավարությամբ հիմնադրվել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը
1980
Պարգևատրվել է «Ի նպաստ բարեկամության» պատվո շքանշանով
1983
«Անուշ» հեռուստատեսային ֆիլմ-օպերայի պրեմիերան. բեմադրող նկարիչ՝ Հ. Շարամբեյան, ռեժիսոր՝ Մ. Վարժապետյան
1983
Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի՝ ժողովրդական արվեստին նվիրված «Բյուրակն» հաղորդաշարի խմբագրության գլխավոր խորհրդատուն
1984
ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը
1989
Հովհաննես Շարամբեյանի անունով են կոչվել Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և փողոցը



ԴԻԼԻՋԱՆ · ԵՐԿՐՈՐԴ ԾՆՆԴԱՎԱՅՐ
Քաղաք, որն
ապրեց նրա
սրտում
Դիլիջանը Շարամբեյանի համար միայն առողջանալու վայր չէր։ Այն դարձավ նրա բնանկարների, էսքիզների, կրթական նախաձեռնությունների և երկարատև մշակութային աշխատանքի միջավայրը
Հավաքել,
պահպանել,
փոխանցել

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Շարամբեյանը ժողովրդի արվեստը համարում էր մշակութային հիշողության կենդանի լեզու։ Նա հավաքում էր հին նմուշներ, համախմբում գործող վարպետների, օգնում էր վերածնել մարող արհեստները և ստեղծում դրանց ներկայացման նոր հարթակներ։
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը և Երևանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը դարձան այդ երկարատև աշխատանքի տեսանելի արդյունքներից

